National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.03.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարություն

2015 թ. մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի /այսուհետ՝ Կողմեր/ համատեղ նիստը:
Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել հետեւյալ հարցերը.

1. Տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

2. Աշխատուժի ազատ տեղաշարժի եւ աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցեր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
 
3. Միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում:

Նիստի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է. 

   «Կողմերը նշում են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու առանձնակի կարեւորությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակում, նացիստական հանցագործությունների հերոսացման անթույլատրելիությունը, դատապարտում են դրանց պատմական վերականգման ցանկացած փորձ: 

 Կողմերը համարում են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունն ԱՊՀ բոլոր մասնակից երկրներում որպես մարդասիրական-հայրենասիրական միջոցառում, պատրաստակամություն են հայտնում միավորել ջանքերն իրավական դաշտում՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, վետերանների եւ նրանց ընտանիքների սոցիալական անվտանգության ընդլայնմանը եւ ամրապնդմանը, զարգացնել հայրենասիրական ու երիտասարդական շարժումը: 

Կողմերը հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ մարդկության դեմ այդ հանցագործության 100-րդ տարելիցի նախօրեին կոչ են անում օտարերկրյա պետությունների խորհրդարանականներին ճանաչել եւ դատապարտել 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը:
 
Կողմերը ողջունում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը:
 
Կողմերը կարեւորում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խթանումն ու խորացումը:
 

Կողմերը ողջունում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, որի նպատակն է պայմաններ ապահովել` ԵՏՄ անդամ պետությունների տնտեսության հիմնական ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն իրականացնելու համար:

 Կողմերը համաձայնեցին, որ պատասխանատվություն են կրում իրենց քաղաքացիների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության գործունեության պարզաբանման հարցերում` որպես նոր, լայն տնտեսական հիմքով ինքնիշխան պետությունների սերտ փոխգործակցության մեխանիզմի` քաղաքացիների եւ բիզնեսի համար ըմբռնելի եւ գրավիչ, կայուն եւ երկարաժամկետ ձեւաչափում: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը կարեւոր դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր կերպով կարծիքների փոխանակմանը:

 Կողմերը համաձայն են, որ ինտեգրումը կրթության եւ գիտության բնագավառում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հանդիսանում է օրինաստեղծ հարաբերությունների զարգացման նշանակալից մի գործոն, որը կծառայի ԵՏՄ միասնական կրթական եւ գիտական տարածքի ստեղծմանը: 

Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ելնելով օրենսդրական բազայի ներդաշնակեցման շահերից եւ հաշվի առնելով ԵՏՄ իրավապայմանագրային դաշտը: 

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերի կարեւորությունը, որոնք ծառայում են որպես Եվրասիական ինտեգրացիոն նախագծի օրենսդրական աջակցության կարեւոր մեխանիզմ՝ բացահայտելով փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու լավ հնարավորություններ:
 
Կողմերը կոչ են անում երկու երկրների խորհրդարանականներին հետագայում համագործակցել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում՝ ի շահ դաշնակցային եւ փոխօգնության սկզբունքների վրա հիմնված հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդման եւ Եվրասիական տնտեսական միության զարգացման: 

Կողմերը ողջունում են տեղի ունեցած քննարկումների արդյունքները եւ հայտարարում հետեւողական աշխատանքի շարունակում՝ ի նպաստ հայ-ռուսական միջպետական համագործակցության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում ընդունված որոշումների իրագործման:
 
Կողմերը միակարծիք են օրենսդրության զարգացումը խթանելու եւ միգրացիոն քաղաքականության ոլորտում իրավակիրառական պրակտիկան բարելավելու հարցում:

 Կողմերը պատրաստակամություն են հայտնում հետագայում պարբերաբար կազմակերպել համատեղ նախագծեր եւ խորհրդարանական միջոցառումներ՝ ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնություն Դաշնային ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից ստորագրել է Ա. Զաքարյանը:
 
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անունից ստորագրել է Լ. Սլուցկին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am